«Մեր բանակը երբեք ավելի ամուր, հզոր, այս պահի համար ավելի մարտունակ չի եղել իր հավաքականության մեջ։ Եթե թշնամին վերսկսի պատերազմը, մենք, անկասկած, պատերազմը կավարտենք ավելի հեռու տարածքներում (թշնամու)։ Իմ մտահոգությունը երբեք այսօրվա մասին չէ, իմ մտահոգությունը վաղվա օրվա մասին է։ Հավատացեք։ Որովհետև հասել ենք մի իրավիճակի, երբ ունենք այսօրվա համար սովորական, նորմալ բանակ, որը կարող է լուծել այսօրվա խնդիրները։ Բայց ժամանակն առաջ է ընթանում, շատ սարսափելիորեն է առաջ ընթանում, և այսօրվա պատերազմն էլ շատ արագընթաց է բոլոր իմաստներով, ուշանալ մեկ րոպե՝ կարելի է պարտվել կռվում, ուշանալ մեկ ժամ՝ կարելի է պարտվել ճակատամարտում, ուշանալ մեկ օր՝ կարող ենք կորցնել հայրենիք, քանզի հայրենիքն այնքան փոքր է, որ մեկ լուրջ պարտությունը մեզ ուղղակի կարող է կործանել։ Հիշենք՝ մենք անընդհատ գտնվում ենք ննջող պատերազմի մեջ, իսկ այդ պատերազմը կարող է յուրաքանչյուր պահի վեր թռնել, և այն դեպքում, երբ պատերազմի վտանգն այսքան մոտիկ է և այսքան ռեալ, այսքան դինջ վիճակի մեջ գտնվելն առնվազն դավաճանություն է, դասալքություն։
Ինքներս մեզ թափ տալու կարիք ունենք։ Եվ պետք է առաջ գնանք և առաջ չգնալու իրավունք էլ չունենք։ Մենք իսկապես պիտի ունենանք ժամանակի լավագույն բանակներից մեկը։ Մենք պարտավոր ենք և դա անելու ենք, ձեզ հետ, թե առանց ձեզ, ինձ հետ, թե առանց ինձ, այդ գաղափարը չափազանց հասունացած և կենսական գաղափար է, կիրականացնենք... Ցանկալի է, որ մենք իրականացնենք, այդ պատիվն ու պատասխանատվությունը, այդ հարգանքը մեր ուսերին, մեր ճակատներին լինի։ Եվ հավատացեք, որ ոչ ոք չի մոռացվի, ոչինչ չի մոռացվի, պատմության մեջ դուք ձեր տեղը կունենաք...»։
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
(հատված ՀՀ ԶՈՒ զորամասերի հրամանատարների՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալների հավաքում ունեցած ելույթից
05.07.1997 թ.)
ՓՈՔՐԻԿ ՏԵՂԵԿԱՆՔ
ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գեներալ-գնդապետ
1983-1986 թթ.՝ Անդրկովկասյան ռազմական օկրուգի 7-րդ գվարդիական բանակի շտաբի պետի տեղակալ,
1988-1992 թթ.՝ Խորհրդային Միության մարշալ Կ. Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիայի ավագ դասախոս,
1992 թ.՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ-օպերատիվ վարչության պետ,
1992-1994 թթ.՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ,
1994-2007 թթ.՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ,
2007 թ. ապրիլի 25-ից 2008 թ. ապրիլի 9 ՀՀ պաշտպանության նախարար,
2008 թ. ապրիլի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ,
2015 թ. փետրվարի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական՝ նրան վերապահելով Հայաստանի Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի լիազորությունները։
2001 թ. շնորհվել է ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսի կոչում։
«ԿԳԱՔ, ՉԷ՞»
(պատմում է Միքայել Հարությունյանը)
«1991 թվականին էր: Ապրում էինք Մոսկվայում՝ Ռուբլյովկայում: Դեկտեմբերին ինձ զանգահարեց Անդրկովկասյան զինվորական օկրուգի ռուսական զորքերի զորաջոկատի հրամանատար, գեներալ Ռեուտը և ասաց.
-ՈՒզում եմ գալ ձեր տուն:
Մոտավորապես երեկոյան ժամը իննին գեներալը եկավ՝ ոչ մենակ։ Կինս սեղան գցեց։ Գեներալը ներկայացրեց հյուրին.
-Վազգեն Սարգսյանն է:
Ծանոթության ձեռքսեղմումից հետո Վազգենն ասաց.
-Դե՛, ինչ, Միխայիլ Հարությունի, չէի՞ք ցանկանա գալ Հայաստան:
Լավ գիտեի, թե ի՛նչ է կատարվում Անդրկովկասում: Նաև պարզ էր, որ ռազմական գործողություններ են լինելու: Այդ ժամանակ ես ավագ դասախոս էի գլխավոր շտաբում, աշխատում էի գիտական թեզի վրա: Երեք երեխա ունեի, աղջիկս սովորում էր համալսարանում, տղաներս դպրոցական էին: Ակադեմիայի մթնոլորտն ինձ հարազատ էր, բայց կար գիտակցումը, որ եթե պատերազմ է լինելու, ուզենամ, թե ոչ, պետք է գնամ հայրենիք, մասնակցեմ բանակի կազմավորմանը, պաշտպանեմ Արցախն ու Հայաստանը: Ծնողներս Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից էին: Երեխաներից ամենակրտսերն էի և Արցախում շատ էի լինում:
Հրաժեշտ տալիս վերջին պահին դռան շեմի վրա Վազգենը շրջվեց և հայացքը սևեռելով վրաս՝ պարտադրող ժպիտով ասաց.
-Կգա՛ք, չէ՞ ...
1992 թ. մարտին, դեռ գիտական թեզս չավարտած, առանց թույլտվություն վերցնելու, մի քանի օրով մեկնեցի Երևան: Վազգեն Սարգսյանի նստավայրը Ազգային ժողովի շենքում էր: Երբ հանդիպեցինք, ասացի, որ պատրաստվում եմ Հայաստան գալու:
Եկա մայիսի երկուսին, ներկայացա ՀՀ պաշտպանության նախարարություն, որն արդեն գտնվում էր Աշտարակի խճուղու վրա: Ողջունելուց հետո Վազգեն Սարգսյանը հարցրեց.
-Ո՞ր օղակում եք տեսնում Ձեր աշխատանքը:
Պատասխանեցի.
-Որտեղ կամենաք:
-Առաջարկում եմ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը:
Գլխավոր շտաբի պետը գեներալ Գուրգեն Դալիբալթայանն էր և այդ պահին գտնվում էր Արցախում: Մայիսի վեցին իմ նշանակման հրամանն ստորագրվեց, իննին ինձ գործուղեցին Գորիս: Շուշիի ազատագրման ռազմագործողությունը գրեթե ավարտվել էր: Ասել, թե ես այդ գործում ներդրում արի, ո՛չ, նոր էի նշանակվել: Գորիսում, Կապանում, Սիսիանում ուսումնասիրեցի իրավիճակը և վերադարձա: Գեներալ Դալիբալթայանն էլ էր վերադարձել: Մայիսի 11-ը, թե 12-ն էր, որ ծանոթացանք: Այդպես սկսվեց ծառայությունս ՀՀ զինված ուժերում: Ինֆորմացիա էի հավաքում, ընդհանրացնում, զեկուցում ԳՇ պետին և պաշտպանության նախարարին, պլանավորում տարբեր մարտեր և որոշ տեղերում ղեկավարում օպերացիան: Ասեմ, որ Վազգեն Սարգսյանը շատ էր վստահում, բայց և ստուգում էր: Կես խոսքից հասկանում էինք իրար: Նա կադրային զինվորական չէր, բայց իր հայրենիքը, իր գործը շատ էր սիրում և գիտակցում էր, որ առանց կադրային սպաների գործն առաջ չի գնա և այնպես էր անում, որ կամավորականներն ու կադրային զինվորականները համերաշխ գործեն: Ջոկատների հրամանատարները պրոֆեսիոնալ զինվորականներ չէին: Պետք էր այդ ջոկատներին սովորեցնել աշխատել քարտեզով, զինվորական գործը, մի խոսքով՝ կադրեր պատրաստել: Խորհրդային զորամասերի տեխնիկան ընդունել էր պետք՝ տանկ, ԲՏՌ, ավիացիա... դա հենց այնպես չէր լինելու, համապատասխան մասնագետներ էին պետք: Օպերատիվ վարչության պետի տեղակալի պարտականությունները կատարելուց բացի զբաղվում էի նաև այդ խնդիրներով: Կարծեմ հուլիսին էր, եկավ գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը և մեծապես օգնեց մեզ։ Նա նշանակվեց ԳՇ պետ։ Ես նրա առաջին տեղակալն էի։ Միասին օրենքներ, կարգադրություններ էինք կազմում, մշակում փաստաթղթեր:
Վազգեն Սարգսյանը խիզախ էր: Վախ չուներ: Պատրաստ էր կյանքը տալու հայրենիքի համար: Կամավորական ջոկատները սիրում էին նրան և ենթարկվում էին, որովհետև իրենց լեզուն հասկանում էր, սիրով, խնդրելով, ձայնը բարձրացնելով համոզում էր, որ տվյալ բանը պետք է անել: Կամավորականությունը մեծ ուժ է։ Արցախի ազատագրումը մեր կյանքի նպատակն էր, մեր միտքն ու հոգին, միայն այդ մասին էինք մտածում։ Ասում են՝ Վազգենը կոշտ էր: Այո, կոշտ էր: Այդ օրհասական ժամանակ այլ կերպ չէր լինի, բայց նաև սրտացավ էր յուրաքանչյուրի հանդեպ: Երբ զինվոր էր զոհվում, քաշվում էր մի կողմ ու արտասվում: Այդ արցունքները չեմ մոռանում։ Բոլորիս համար էլ զինվորի կյանքը թանկ էր: Դրանից է, որ մենք ավելի քիչ զոհ տվեցինք, քան թշնամին: Արցախն ազատագրվեց քիչ կորուստներով:
Վազգեն Սարգսյանը նոր էր նշանակվել ՀՀ պաշտպանության նախարար: Նստած էի իմ աշխատասենյակում, որ ներս մտավ, հարցրեց.
-Միխայիլ Հարությունի, Դուք Պավել Գրաչովին ճանաչու՞մ եք:
-Իհարկե, իմ ուսանողն է եղել, ԳՇ ակադեմիայի ունկնդիր էր:
-ՈՒզում եմ հանդիպել նրան:
Գրաչովը և ես ապրում էինք նույն շենքում, նույն շքամուտքում, ես երրորդ հարկում էի, ինքը՝ չորրորդ: Նա Վազգենի մասին սխալ պատկերացում ուներ՝ մորուքով է, կոշտ...
Մեկնեցի Մոսկվա, զանգահարեցի Գրաչովին: Հարցնելու պես՝ ասաց.
-ՈՒսուցիչ, ասում են՝ Հայաստանում եք:
-ՈՒզում եմ քեզ տեսնել:
Հանդիպեցինք: Ողջագուրվելուց հետո հարցրեց.
-Ինչպե՞ս է վիճակը Հայաստանում: Ինչու՞ մեկնեցիք: Տեսնու՞մ եք՝ ես արդեն պաշտպանության նախարար եմ:
Ասացի.
-Այդպես է պետք: Ես պետք է Հայաստանում լինեմ:
Հայտնեցի գալուս նպատակը: Ասաց.
-Եթե ես Վազգեն Սարգսյանին հանդիպեմ, ինձ չեն հասկանա:
Հաջորդ օրը ԳՇ ակադեմիայի օրն էր: Ինձ էլ հրավիրեց: Ասացի.
-Եթե Վազգեն Սարգսյանին չընդունես, չեմ գա:
-Թող գա, - ասաց:
Գիշերը Վազգեն Սարգսյանն արդեն Մոսկվայում էր: Միջոցառմանը շատ մարդ կար: Գրաչովը գրավոր առաջարկեց հանդիպել ամառանոցում: Գնացինք իր ամառանոցը: Լավ գիտեի Գրաչովի կնոջը: Մտերիմ հարևաններ էինք: Երեսուն րոպե անց եկավ Գրաչովը: Ծանոթացան: Վազգեն Սարգսյանը ռուսերեն գիտեր, բայց անհրաժեշտ եղավ, որ որոշ տերմիններ թարգմանեմ: Մինչև կեսգիշեր զրուցեցինք: Ես տուն գնացի, Վազգենը մնաց: Վաղը պետք է մեկնեինք Երևան: Առավոտյան երբ ներս մտա, Գրաչովը մարզվում էր, իսկ Վազգենը հոգնած տեսք ուներ, լավ չէր զգում: Ասաց.
-Մինչև առավոտ նստել էինք, իսկ ինքը դեռ մարզվում էլ է:
-Թույլ է ձեր նախարարը, -ասաց Գրաչովը, - րսՈոՈՍ... Ես ձեզ ինքնաթիռ կտրամադրեմ: Մնացեք, հանգստացեք:
Իսկ ինքնաթիռը դատարկ չէր լինելու: Երբ Վազգենն ուշքի եկավ ու իմացավ, որ Գրաչովն ինչ-որ բան է տալու, հրճվանքի մեջ էր: Երկուսն էլ զգայուն, կամային կերպար էին։ Մտերմացան, հարազատացան, սիրով համակվեցին միմյանց հանդեպ: Մեծ էր Գրաչովի ներդրումը մեր բանակի կայացման խնդրում: Նրանց լավ փոխհարաբերությունները շարունակվեցին: Վազգենի սպանությունից հետո Հայաստան այցելության ժամանակ ասել է. «Հայաստանն ինձ համար դարձել է իմ երկրորդ հայրենիքը»։
Մենք միշտ երախտագիտությամբ ենք հիշում Գրաչովին և նրա ընտանիքը չպետք է մոռանանք:
Այն աշխատանքը, որ կատարեց Վազգեն Սարգսյանը հայոց բանակի կայացման համար, հսկայական էր: Ասել՝ շատ բան արեց, նշանակում է քիչ բան ասել: Նա կամավորականներին համոզեց, որ մտնեն բանակ, զինեց, պատրաստեց: Երբ ՀՀ պաշտպանության նախարար էր, ապա պետնախարար և 1995 թ. կրկին պաշտպանության նախարար, հավատացեք, որ ամեն մի դրամը ծառայում էր ՀՀ ԶՈՒ հզորացման գործին: Ամեն ինչ միայն այդ նպատակին, այդ միջոցները շատ չէին, մեծ չէին, բայց դրանք նպատակային օգտագործելով՝ կարողացավ բանակ ստեղծել:
1999 թ. Վազգենը վարչապետ էր, բայց բանակը չէր մոռանում, չէր կարող մոռանալ: Օր չկար, որ չզանգահարեր ինձ, չհարցներ գործերի վիճակից: Ամուսնացած չէր, երեխա չուներ, ու բանակը նրա երեխան էր: Զինվորները, ջահել սպաներն իր ուրախությունն էին, հպարտությունը:
Բանակի կառուցումը հիմնականում սկսեցինք 1992 թ. զորակոչով: Առաջին խնդիրը պաշտպանությունն էր, առաջնագիծը, երկրորդը՝ կանոնավոր զինված ուժեր կազմակերպելը՝ գումարտակներ, կորպուսներ ստեղծելը, դրանց անձնակազմեր պատրաստելը: Պետք էր այնպես անել, որ նոր զորակոչված 18 տարեկանը մինչև ձեռք չբերեր զինվորական ունակություններ և հմտություններ, պատրաստ չլիներ՝ առաջնագիծ չգնար: Ջահել զինվորներին հետին գծում կես-մեկ տարի ուսուցանում էինք, վարժեցնում, նոր միայն ուղարկում Հայաստանի ու Արցախի սահմանագիծ: Ճիշտ է, զոհեր եղան, համեմատաբար քիչ, թեև մեկ զինվորի կորուստն էլ մեզ համար, Հայաստանի համար մեծ թիվ էր: Ադրբեջանը զորակոչում էր և որպես հում միս գցում առաջին գիծ, այդ պատճառով շատ զոհեր տվեցին:
Վազգենի առաջին մեծ ուրախությունը տեսա Շուշիի ազատագրման ժամանակ: Երբ զեկուցեցին, որ Շուշին ազատագրված է, ուրախությունից չգիտեր ինչ անել, ո՜նց էր պարում... Երկրորդ ուրախությունը՝ երեխայի պես հրճվում էր, երբ երկու «ՍՈՒ-25» կործանիչ եկան, նստեցին մեր օդանավակայանում: Մեկը, ցավոք, մերոնք խփեցին։ Անիմանալի է պատերազմի բանը... Նրա հաջորդ ուրախությունը տեսա, երբ բացվեց Լաչինի միջանցքը, Արցախը կապվեց մայր Հայաստանին, տեսա ուրախությունը Քարվաճառի ազատագրման ժամանակ, և երբ ոչնչացվեց Աղդամի ահռելի զինանոցը... Շատ ուրախ էր, երբ Արաքսի ափը մաքրվեց հակառակորդից, մերոնք հասան մինչև Հորադիս: Շա՜տ, շատ ուրախացավ առաջին շքերթի և առաջին երդման արարողության ժամանակ:
Տեսել եմ և Վազգենի տխրությունները՝ Արծվաշենի անկման, Մարտակերտի հյուսիսային մասը թուրքերի կողմից գրավելու ժամանակ: Երբ «Արծիվ» գումարտակների հետ գնաց Արցախ, տեսա աչքերի տխրությունը: Տեսա տխրությունը, երբ պատերազմից հետո առաջնագծում կամ դժբախտ պատահարից զինվոր էր զոհվում: Որպես գլխավոր շտաբի պետ՝ առավոտյան շատ էի դժվարանում նրան հայտնել զինվորի զոհվելու լուրը: Այդ օրն իր աշխատանքը կոտրվում էր...Առավոտները մի հարց էր տալիս.
-Միխայիլ Հարությունի, ի՞նչ կա-չկա:
Շատ դժվար էր, չգիտեի՝ ինչպես զեկուցեմ դժբախտ պատահարների մասին: Մի բան է, երբ թուրքն է առաջնագծում խփում, այլ բան, երբ ռեզերվային զորամասում՝ թիկունքում է զոհ լինում: Զայրանում էր հրամանատարների վրա, հունից դուրս գալիս: Պատժում էր զինվորի հացն ուտողին, բենզին գողացողին: Այդպիսիներին ներում չկար: Ներում չկար՝ ով էլ լիներ՝ հրամանատարը, թե մեկ ուրիշը: Չէր հանդուրժում անազնվությունը, փոքրոգությունը։ Զինվորը պետք է իր հացն ուտեր, բենզինը լիներ զինվորի մարտական պատրաստության համար, ոչ թե նյութապաշտ մեկն օգտվեր այդ բարիքներից: ՈՒմ ձեռքերը մաքուր չէին, ազատում էր, հեռացնում, շատերին է հեռացրել: Ինքն օրինակ էր բոլորին՝ թե ինչպես պետք է աշխատել:
Վազգեն Սարգսյանը մեծ ձգտում ուներ դեպի գիտելիքը, հատկապես՝ զինվորական: Նստում էինք, երկար զրուցում, և այնպես էր անում, որ իմ գիտելիքները փոխանցեմ իրեն: Նույնը Գրաչովի, Ռեուտի, Նորատ Տեր-Գրիգորյանցի, գեներալ Անդրեասյանի հետ զրույցների ժամանակ, յուրացնում, ներծծում էր այն ամենը, որ պետք էր իրեն՝ բանակը հզորացնելու համար: Լինելով քաղաքացիական անձ՝ այդ ծանր ժամանակաշրջանում այնպես էր կազմակերպում, ղեկավարում զինված ուժերը, ասես զինվորական ակադեմիա ավարտած լիներ: Աստիճանաբար աճեց և հրաշալի յուրացրեց զինվորական գործը: Ցավալի է, որ Վազգեն Սարգսյան հայը, հայրենասերը շուտ հեռացավ մեզանից։ Ընկավ դավաճանի գնդակից... Համոզված եմ՝ նրա սերը ժողովրդի և Հայաստանի հանդեպ դեռ մեծ բարիք էր բերելու մեր ժողովրդին»:
Զրույցը գրառեց
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ
2013 թ.